Հաշված օրեր անց հանրապետության դպրոցներում կվերսկսվի ուսումնական գործընթացը։ Երկար արձակուրդից հետո հիմնովին կփոխվի դպրոցականների առօրյան։
«ՀՀ առողջապահության նախարարությունը` խիստ կարևորելով դպրոցահասակ երեխաների առողջության պահպանումը, ծնողներին հորդորում է այնպես վարվել, որ երեխաները զերծ մնան որոշակի հիվանդություններից, տանը կամ դպրոցում այնպիսի վիճակներում չհայտնվեն, որոնք կարող են հանգեցնել առողջության խաթարմանը»,- ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը։ Նա ծնողներին առաջին հերթին հորդորեց երեխաներին դպրոց ուղարկել համոզված, որ նրանք առողջական որևէ խնդիր չունեն։ Իսկ եթե կան որոշակի խնդիրներ, ապա անհրաժեշտ է մինչև դասերի սկսվելը այցելեն բժշկին, խորհուրդներ ստանան և լիովին առողջացած հաճախեն դպրոց։ Այնուհետև բանախոսն անդրադարձավ բազմաթիվ այն գործոններին, որոնցով պայմանավորված է դպրոցականի առողջության պահպանումը։
«Առողջության համար խիստ կարևոր են երեխայի հիգիենան, սնուցումը, ճիշտ կեցվածքը, երեխայի կեցության վայրի պայմանները և այլն»,-ասաց նա` շեշտելով, որ անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել ողնաշարի և կեցվածքի շեղումների: Ճիշտ կեցվածքը ձեռք է բերվում հիմնականում մինչև 18 տարեկանը։
Նշվեց, որ դպրոցականի օրգանիզմի, այդ թվում` հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը, դրանում հանքային աղերի, վիտամինների առկայությունը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն անդրադարձավ երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեցող մի շարք այլ գործոններին` այդ թվում դպրոցական պարագաներին։ Նա կարևորեց ճիշտ պայուսակի ընտրությունը` խորհուրդ տալով հատկապես ցածր դասարաններում օգտագործել ուսապայուսակներ և ոչ փափուկ ուսապարկեր:
«Դպրոցական պայուսակը պետք է այնպես կրել, որպեսզի ծանրությունը մարմնի վրա հավասարաչափ բաշխվի։ Իսկ եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել»,- շեշտեց բանախոսը։
Ծնողներին հորդորեց հետևել, որ երեխաները մարմնի ճիշտ դիրքով նստեն` սեղանին հենված նախաբազուկներ, ոտնաթաթերը` հենված հատակին:
Բանախոսները նշեցին, որ դպրոցական տարիքի երեխաների առողջության վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաև համակարգիչների և բջջային հեռախոսների, մասնավորապես` սմարթֆոնների երկարատև օգտագործումը, ինչը բերում է հոգնածության և աշխատունակության անկման, առաջանում է ուսային գոտու, բազկի և նախաբազկի մկանների լարվածություն, սիրտ-անոթային, նյարդային և շնչառական համակարգերում նկատվում են ֆունկցիոնալ փոփոխություններ, առաջացնում է աչքերի լարվածություն, ինչը ժամանակի ընթացքում կարղ է բերել տեսողության վատացման: Հետևաբար պետք է սահմանափակվի համակարգչից օգտվելու ժամանակահատվածը և ապահովվի համապատասխան լուսավորություն: Տեսողության շեղումների կանխարգելման նպատակով աշխատանքային սեղանները պետք է ապահովվեն ձախակողմյան լուսավորությամբ:
Համակարգչի հետ աշխատանքը պետք է լինի սահմանափակ, ցանկալի է աշխատանքն ընդմիջել ամեն 20-30 րոպեն մեկ` մի քանի րոպե քայլել-մարզվելով:
Դպրոցականի առողջության պահպանման գործում կարևորվեց ձեռքերի և մաշկի հիգիենան: Ձեռքերի հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից: Ճիշտ ֆիզիկական ակտիվությունը ևս կարող է կանխարգելել հետագայում մի շարք հիվանդությունների առաջացումը:
Լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարության