Անժամկետ հացադուլ հայտարարած կալանավորին կվիրահատեն

Կալանավորը տեղեկացրել է‚ որ ունի առողջական խնդիրներ‚ սակայն պատշաճ բուժում չի ստանում: Քաղաքացու կողմից բարձրացված հարցերը տեղում պարզելու նպատակով Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցն այցելել է համապատասխան քրեակատարողական հիմնարկ‚ հանդիպել կալանավորին և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ‚ որի ընթացքում քաղաքացին ասել է‚ որ 2005 թվականին ենթարկվել է ավտովթարի‚ ինչի հետևանքով ստացել է կոտրվածքներ և նույն թվականին վիրահատվել է:

Կալանավորը հանդիպման ընթացքում պնդել է‚ որ իրեն անհրաժեշտ է նոր վիրահատություն‚ հավելել է նաև‚ որ բազմիցս դիմել է համապատասխան ՔԿՀ վարչակազմին‚ սակայն որևէ արձագանք չի ստացել: Նշված հարցերի կապակցությամբ կալանավորը հայտարարել էր անժամկետ հացադուլ:

Օմբուդսմենի ներկայացուցիչը տեղում ուսումնասիրվել է կալանավորի բժշկական քարտը‚ որից պարզվել է‚ քաղաքացին հետազոտվել է վիրաբույժի կողմից և վերջինս փաստել է‚ որ անհրաժեշտ է վնասվածքաբանի խորհրդատվություն‚ այնուհետև կալանավորված անձը հետազոտվել է նաև վնասվածքաբանի կողմից‚ ով նշանակել է կրկնակի խորհրդատվություն` ռենտգեն նկարով:

Արդյունքում‚ Արդարադատության նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են‚ որ կալանավորված անձը ենթարկվել է ռենտգեն հետազոտման և վնասվածքաբանի կրկնակի խորհրդատվությամբ առաջարկվել է վիրահատություն պլանային կարգով և ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվում համապատասխան սարքավորումներ ունեցող բժշկական հիմնարկի հետ` վիրահատությունը կազմակերպելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել