«Եթե»- ներ՝ Ռուբեն Հայրապետյանի և Արսեն Ավետիսյանի ծեծկռտուքի գործում

Երևույթը ինքնին անընդունելի է, յուրաքանչյուր բռնության դեպք պետք է մանրամասն քննության առնվի: Գործի ոչ լրիվ քննությունը բերում է երկրի հանդեպ ներդրողների վստահության նվազեցմանը կամ անգամ վերացմանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Միհրան Պողոսյան, ում խնդրեցինք մեկնաբանել Գլխավոր դատախազության տարածած այն հաղորդագրությունը, որ մերժվել է քրեական գործ հարուցել «Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի և գործարար Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հիմքերով:

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ գործի մերժումը կախված է մի քանի «եթե»-ներից. «Ամենակարևորը պետք է հստակեցնեն, թե արդյոք Ա. Ավետիսյանը բողոքում է, թե` ոչ: Տուժողը չի բողոքում ու եթե տվյալ գործողություննները ընկնում են մասնավոր մեղադրանքի շրջանակներում, ուրեմն լիովին ընդունելի է, որ իրավապահ մարմինները որևէ գործողություն չեն իրականացնում: Եթե տուժողը սկզբում հայտարարում է, որ իրեն ծեծի են ենթարկել, իսկ հետագայում ասում է, որ չի բողոքում ոչ ոքի դեմ, ապա իրավական մարմինը որևէ իրավասություն չունի գործ հարուցելու: Հենց այս «եթե»-ներն էլ հաշվի առնելով գործի հարուցումը մերժվել է: Չկա բողոք, ուրեմն չկա քրեական հետապնդում»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հաղորդագրության՝ 2015թ. օգոստոսի 16-ին` Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել  դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն  նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշենք, որ հիմնավորվել էր Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Սակայն դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվել:

Ռոզա Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել