Մանկահասակ երեխաները մահացել էին վրաերթի հետևանքով. ի՞նչ պարզեց ՔԿ-ն

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթևեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:

Ըստ աղբյուրի՝ նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց՝ շուրջ 40կմ/ժ արագությամբ։ Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի մոտակայքին` թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, վրաերթի է ենթարկել իր ընթացագոտում, աջ մայթից շուրջ 20սմ հեռավորությամբ դեպի իր ուղղությամբ քայլող հետիոտն Անահիտ Կարապետյանին։ Այնուհետև՝ բարձրանալով մայթին` վրաերթի է ենթարկել Աննա Հարությունյանին և մանկասայլակի մեջ գտնվող, վերջինիս մանկահասակ 2 որդիներին, ապա ընդհարվել նույն հասցեի դիմաց գտնվող ցանկապատին։

Վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երկու երեխաները մահացել են, իսկ Աննա Հարությունյանին և Անահիտ Կարապետյանին պատճառվել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել