«Այս հանդիպումը ցույց տվեց, որ քննարկման կարիք կա: Վենետիկի հանձնաժողովի անդամների առջև բարձրացնում էին հարցեր, որոնք նրանք չէին կարող պատասխանել. ներքաղաքական հարցեր էին բարձրաձայնում, որոնք պետք է ներսում քննարկվեին»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպմանը՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների և ՀՀ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը:
Ըստ նրա՝ հանդիպմանը մարդիկ եկել էին բարձրացնելու այն հարցերը, որոնք չեն կարողացել մինչև այժմ բարձրացնել այլ հարթակներում. «Ամոթ էր այս հանդիպմանը մասնակցելը: Նախ հանդիպումը սխալ էր կազմակերպվել՝ օգոստոս ամսին, քանի որ հիմնականում մեծ մասը արձակուրդ են լինում, տպավորություն է, որ ամեն ինչ անում էին, որպեսզի քննարկումը չկայանա: Հնչում էին այնպիսի հարցեր, որոնք պետք է լուծում ստանային մինչև այս, այլ ոչ թե տրվեին Վենետիկի հանձնաժողովի անդամներին»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ մինչև հանդիպումը պետք է քննարկեին, թե գործող Սահմանադրությունը ինչ խնդիրներ է առաջացրել, որոնք մենք պետք է փորձենք լուծել, այնինչ միանգամից քննարկման էր դրվել նոր Սահմանադրության նախագիծը. «Այս դեպքում բոլորը սկսում են նախագծից մի կետ առանձնացնել, մյուս մասն էլ ասում է, որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում և արդյունքում ամեն ինչ խառնվում է իրար: Նման ձևով Սահմանադրության նախագիծ քննարկելը անհնար է»,- եզրահանգեց ՀԿ ղեկավարը:
Ռոզա Վարդանյան