Հեռախոսային խոսակցությունների լսումը դիտվում է որպես ներխուժում մարդու անձնական կյանք, ուստի, որպես կանոն, արգելվում է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հեռախոսային խոսակցությունների լսումը` որպես օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակ, կարող է իրականացվել դատարանի որոշման հիման վրա:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` վերը նշված կանոնից նախատեսված է բացառություն` հեռախոսային խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ էլեկտրոնային հաղորդումների, կարճ հաղորդագրությունների (sms) գաղտնի վերահսկում` առանց դատարանի որոշման: Այսպես.
Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը` 48 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատարանին: Այն դեպքերում, երբ դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա իրականացման արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը` ոչնչացվում: Հակառակ դեպքում` դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net