Քիչ առաջ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բաց նամակով դիմել է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին՝ օրեր առաջ փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Նա իր նամակով բավականին մանրմասն անդրադարձել է գործի հանգամանքներին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն Հովսեփյան,
27.05.2015թ. ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանը քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին թիվ 18-350կգ-15 որոշմամբ՝ թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցել:
Որոշման մեջ նշված է, որ 2015 թվականի մայիսի 21-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Նորք» հոգեբուժական կենտրոնում փաստաբանը մասնակցելով ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի հերթական նիստին, հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է` նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը:
Նշվածի վկայակոչմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Թիվ 62228314 քրեական գործով տուժողի ներկայացուցիչ է հանդես եկել փաստաբան Տիգրան Հայրապետյանը (արտոնագիր N 159)։
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու փաստը, քննադատվել է փաստաբանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հասարարակական գործունեություն իրականացնող այլ անձանց կողմից։
Գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթն ենթակա է կարճման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվքննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձիգործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձիերկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարիժամկետով։
Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու մեջ։
Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ընդ որում նշված հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը։
Այս գործով, արդարադատության համակարգը, այդ թվում՝ արդարադատության իրականացմանը նպաստող մարմիններն ու ինստիտուտները, մեկ իրավական հարցադրմանը պետք է պատասխանեն՝
– Արդյո՞ք փաստաբանի մասնագիտական ազդեցությունը/միջամտությունը քննիչի գործունեությանը, կարող է համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով իրավական պետություն հռչակված Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել յուրաքանչյուր անձի՝ իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (18 հոդված), ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (20 հոդված)։
Սահմանադրական այս նորմերն իրացվել են, մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն՝
– փաստաբանը՝ փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները (Փաստաբանության մասին ՀՀ օրենք, 18 հոդված).
– տուժողի ներկայացուցիչ փաստաբանը լիազորված է հարուցել միջնորդություններ, հայտնել բացարկներ (ՀՀ ՔԴՕ 59 հոդված)։
Փաստաբանների համար սահմանվել են նար երաշխիքներ, ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ՝ ներպետական օրենսդրությամբ։
ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ-ին ընդունված` Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների`
16-րդ սկզբունքի գ) կետի համաձայն` Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:
20-րդ սկզբունքի համաձայն` Իրավաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունիցհամապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝
– Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատարանձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների)միջամտությունը փաստաբանական գործունեությանը (2-րդ մաս):
– Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել,կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտականպարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններումհայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար (4-րդ մաս):
Վերը նշված նորմերից հետևում է, որ օրենքը փաստաբանական գործունեությունը սահմանում է իրավապաշտպան գործունեություն, որն ուղղված է վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալուն, և փաստաբանին արտոնում է առնչվել դատավարության մասնակիցների հետ ու միջամտել նրանց դատավարական գործողություններին։ Այդ միջամտությունը կարող է դրսևորվել միջնորդություններով, բացարկներով, բողոքներով և օրենքով չարգելված այլ ձևերով։
Եթե փաստաբանը միջնորդում է հարցաքննությունը հետաձգել, քանի որ այլ գործով դատական նիստի է մասնակցելու, ապա քննիչի գործունեությանը նա միջամտեց, քանի որ քննիչը ստիպված է լինելու հետաձգել հարցաքննությունը։
Փաստաբանի այս միջամտությունը չի կարող երբեք որակվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։
Նույն տրամաբանությամբ, կարելի է քննիչին վերահսկող դատախազի օրինական ցուցումները կամ որոշումները նույնպես «տեղավորել» ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում, այն պարզ պատճառով, որ դատախազն ուղղակիորեն միջամտում է քննիչի գործունեությանը։
Դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների և դրանց օրենքով տրված լիազորությունների իրականացման առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել։
Քննիչի օրինական կարգադրություններին փաստաբանի չենթարկվելը, նույնպես չի կարող հանցագործություն համարվել։ Այս մոտեցումը հիմնավորվում է հետևյալ փաստարկով.
ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արդարադատության իրականացմանըխոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է…..։
Ինչպես տեսնում ենք, դատարանի գործունեությանը միջամտելն էլ համարվում է հանցագործություն, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածը դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու… դեպքում դատարանին իրավունք է վերապահել քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատականնիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.
1) նախազգուշացում.
2) նիստերի դահլիճից հեռացնելը.
3) դատական տուգանք.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
Ընդ որում, գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները:
Ստացվում է, որ ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձի՝ դատավորի, օրինական կարգադրությունների չենթարկվելը հանցագործություն չի համարվում, մինչդեռ, ըստ քննիչի՝ քննիչի օրինական կարգադրությանը չենթարկվելը համարվում է հանցագործություն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործ չիկարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթըենթակա է կարճման, եթե` բացակայում է հանցագործության դեպքը։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
Ելնելով վերոգրյալից,
հաշվի առնելով այն, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից քրեական գործ հարուցելու փաստն ինքնին ոտնձգություն է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ,
Խնդրում ենք՝
Ձեր միջամտությունը՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Խ. Մեջլումյանի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան