«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են նրա եւ նորածնի մահվան մեջ, հանդես է եկել հայտարարությամբ:
«Խորապես ցավում եւ վշտացած եմ Մերի Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Մերին ինձ համար ավելին էր, քան պարզապես հաշվառված հղի: Դա կարող են փաստել շատերը: Մերիի մահը նաեւ իմ անձնական վիշտն է, որը ես կկրեմ ամբողջ կյանքիս ընթացքում:
Որեւէ կերպ չեմ փորձել պատասխանել մամուլում հնչած գնահատականներին, հակառակվել արտահայտված տեսակետներին կամ հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունն ու փաստերի բազմաթիվ աղավաղումները՝ հասկանալով մեծ կորուստ ունեցած ընտանիքի զգացմունքները, ցավն ու անդառնալի կորուստը: Կլռեի նաեւ հիմա, սակայն աշխատանքիս վերադառնալու առիթով ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի նոր ալիքին ի պատասխան ստիպված եմ անելու սույն հայտարարությունը:
Տեղեկացնում եմ, որ չնայած ծանր հոգեբանական վիճակիս՝ ստիպված եմ եղել վերադառնալ աշխատանքային պարտականություններիս կատարմանը, հանդիպել այն հղի կանանց, ովքեր ունեն իմ կարիքը: Իհարկե, նկատի ունենալով հոգեպես ճնշված եւ վշտացած վիճակս, որեւէ ծնունդ չեմ վարում, սակայն չէի կարող մնալ տանը, չտեսնել իմ պատասխանատվության ներքո գտնվող հղիներին ու հիվանդներին: Ինչպես հայտնի է, ներկայումս գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից: Համոզված եմ, որ տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունների եւ հարուցված քրեական գործի քննության արդյունքում: Եթե Մերիի ողբերգական մահվան մեջ կան մեղավորներ, ապա նրանք բոլորն էլ օրենքի շրջանակներում պետք է կրեն պատասխանատվություն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: