Քաղաքացի Ռոման Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 20-ին ոստիկանության ծառայողներն իրեն անհիմն տեղափոխել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին և տևական ժամանակ պահել այնտեղ: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել իր նկատմամբ: Այս կերպ՝ ոստիկանության ծառայողը ստիպել է ընդունել չբացահայտված անասնագողություններ, ապա կատարված հանցագործություններն իրեն չմեղսագրելու համար պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացի Ռոման Բ.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, շորթմամբ խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: