Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում:
Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:
Օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական զինված ուժերը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: