Ինչպես տեղեկացրել ենք՝ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Արտակ Գարոյանը Իրավաբան.net–ի հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի սանկցիան. բողոքը ներկայացվելու է այսօր երեկոյան կամ վաղը:
Մեր այն հարցին, թե արդյոք Մուշեղ Մխիթարյանը տվել է ինքնախոստովական ցուցմունք, փաստաբանը նշեց. «Իմ պաշտպանյալը չի ընդունում մեղքը. ինքը սպանության հետ առնչություն չունի. թող նախաքննության մարմինը փնտրի ու գտնի իրական սպանություն կատարած անձին»:
Փաստաբանը նշեց, որ երբ հստակ որոշեն իրենց ռազմավարությունը, կտրամադրվի նաև այլ ինֆորմացիա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայտնի էքստրասենս «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից 53-ամյա Անի Մաջնունյանի դին: Սպանության գործով ձերբակալվել է 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին,ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ) ։
Զառա Մանուչարյան