Տրանսպորտային իրավախախտումները տարածված բնույթ են կրում, որի պատճառը նաև վարորդների` օրենքին տեղյակ չլինելն է:
‹‹Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ ուժի մեջ գտնվող հաշվառման կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով››, – Իրավաբան.net-ին տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net