«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ մի քանի օր անց մահացած 26-ամյա ծննդկանի և նրա նորածին երեխայի մահվան գործով նախաքննությունը շարունակվում է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը:
Նա նշեց, որ այս փուլում դեռևս գործով կասկածյալ, մեղադրյալ ներգրավված չէ, որոշ փորձաքննություններ նշանակված են, սակայն դրանց եզրակացությունները դեռևս չկան: Փաստաբանի խոսքով, ներկա պահին հարցաքննություններ են կատարվում: Ավելին փաստաբանը հայտնել չցանկացավ՝ նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածը չոտնահարելու նկատառումներով:
Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մերիի հղիությունը հսկող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։