«Ալիմենտային պարտավորություններ առաջանալիս կողմերը կարող են ալիմենտային իրավահարաբերությունները կարգավորել ինքնուրույն, առանց դատական միջամտության, գրավոր կերպով համաձայնություն կնքելու միջոցով, որը պետք է վավերացված լինի նոտարական կարգով», – Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին համաձայնությունը կնքվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի և խնամակալի (ալիմենտ ստացողի) միջև, իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի և (կամ) ալիմենտ ստացողի անգործունակ լինելու դեպքում՝ այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջև։ Սահմանափակ գործունակ անձինք ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն են կնքում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ (ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 87-րդ հոդված):
«Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի համաձայնությամբ` գրավոր կարգով` նոտարական վավերացման միջոցով, սակայն այն միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում: Ալիմենտային համաձայնության փոփոխության կամ լուծման վերաբերյալ անհամաձայնությունը լուծվում է դատական կարգով: Համաձայնությամբ որոշված ալիմենտի չափը չի կարող պակաս լինել յուրաքանչյուր երեխայի համար 10 հազար դրամից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողից գործազրկության նպաստի 20 տոկոսից», – տեղեկացրեց փաստաբան Կարեն Հովհաննիսյան:
Աղբյուրը` Իրավաբան.net