Վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ: Բացի այս, վարչարարություն նաև ենթադրում է գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Իսկ վարչական մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ` ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ, բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ, գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար, քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում:
Բացի վերոնշվածից, պետք է նաև նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ եթե վերը թվարկված մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա սույն օրենքի իմաստով` դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ.
Աղբյուրը` Իրավաբան.net