ՀՀ դատախազությունից հայտնում են, որ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս զանգվածային լրատվության միջոցներով հրապարակային բանավեճի էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված քրեական գործով դատարանի կողմից իր պաշտպանյալներին դատապարտելու հետ: Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել իր՝ փաստաբանի արտոնագրից:
Այս կապակցությամբ ցանկանում ենք փաստաբանին հիշեցնել, որ ինչպես ցանկացած քրեական գործով` այս դեպքում նույնպես փաստաբանի կողմից իր պաշտպանյալների համար առավել արդյունավետ եղանակը ոչ թե ԶԼՄ-ներով հրապարակային բանավեճն է, այլ մինչդատական փուլում դատախազի կամ քննիչի որոշումների կամ գործողությունների օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելը, իսկ այն դեպքում երբ արդեն առկա է դատական ակտ, այդ ակտը վերադաս դատարան բողոքարկելը: