Յուրաքանչյուր ծնող ունի ինչպես որոշակի իրավունքներ իր երեխայի նկատմամբ, այնպես էլ նրան դաստիարակելու և կրթության տալու պարտականություններ, որոնք կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 51-րդ հոդվածի միջոցով։
Համաձայն այդ հոդվածի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։
Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթություն ստանալը։
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
Ինչպես ծնողներն ունեն դաստիարակելու և կրթություն տալու պարտակություններ և իրավունքներ, այնպես էլ համաձայն ընտանեկան օրենսգրքի ծնողի իրավունքների և պարտականությունների մեջ է մտնում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
ՀՀ ընտանեկան օրնեսգրքի 52-րդ հոդվածը սահմանում է, որ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա։
Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից