Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական կրթության «արհեստավոր» և միջին մասնագիտական կրթության «մասնագետ» որակավորման աստիճանները:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներով` կախված մասնագիտության ուսուցման առանձնահատկությունից և ուսանողի` մինչ այդ ստացած կրթությունից կամ կրեդիտների քանակից:
Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է:
Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել արհեստագործական կրթական ծրագրով իրականացվող կրթության այլ հիմք և ուսուցման տևողություն։
Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է:
Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի` նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում երկրորդ մասնագիտական կրթության ստացում:
Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ ստացած անձինք իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն (էքստեռնատ), անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում): Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:
Հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատ) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցում) ձևերով ուսուցման մասնագիտությունների ցանկերը և կարգերը հաստատում է կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net