Դատարանները հնազանդ ձևով հետևում են ԱԱԾ միջնորդություններին. Հայկ Ալումյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Փաստաբանն ասաց, որ գործը հետաձգվել է մինչև օգոստոսի 6-ը, հետաձգման պատճառը նա համարում է անհասկանալի:

«Օգոստոսի առաջին կեսին շատ լրատվամիջոցներ հանգստի են մեկնում են և հասարակությունն էլ այդ փուլում առավել պասիվ է, հավանաբար արհեստական ձգձգումները, գործի նշանակումները նրա համար են, որ հերթական անարդար որոշումը կայացնեն և քիչ արձագանքներ լինի»,- հայտնեց պարոն Ալումյանը:

Նա ավելացրեց, որ Արա Բուդաղյանը մինչ այժմ գտնվում է կալանքի տակ. «Դատարանները հնազանդ ձևով հետևում են Ազգային անվտանգության ծառայության միջնորդություններին: Արա Բուդաղյանը ձերբակալվել է առանց որևէ հիմքի և երկու օր առաջ մերժվել է գրավ կիրառելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը»:

Հայկ Ալումյանն խոսեց ձայնագրությունից, որը հիմք է հանդիսացել Հայկ Բուդաղյանի դեմ քրեական գործ հարուցելու համար. «ԱԱԾ-ն սիրում է մշուշոտ ակնարկներ ասել, որ իրենք ունեն ձայնագրություններ և ամբողջ հանրությանը սկսում է թվալ, որ Արա Բուդաղյանը հեռախոսով ինչ-որ բաներ է քննարկել: Իրենք էլ ձայնագրել են և Արա Բուդաղյանը այդ ձայնագրությունների մեջ այնպիսի բաներ է ասել, որից կարելի է ենթադրել, որ Արան մեղավոր է: Այդ հեռախոսային խոսակցություններ մեջ չկա մի հատված, մի տող, մի բառ որից անգամ պառանոյայով տառապող մարդը ենթադրի, որ էստեղ կասկածանքի տեղեր կան»,- նշեց փաստաբանն ու ներկայացրեց այդ հեռախոսազրույցը որտեղ Արա Բուդաղյանը և մի անձ խոսում են պարտքի մասին, որն անձը վերցրել է Արա Բուդաղյանից իր մոր ծննդյան 60-ամյակի ծախսերը հոգալու համար:

Հիշեցնենք՝ Արա Բուղադյանը ձերբակալվել է հուլիսի 3-ին։ Նա, ինչպես նաև 3 քաղաքացիներ, մեղադրվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:

Էլեն Բարսեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել