Ընտանիքով Ադրբեջան փախած Գևորգյանների գործը դատարանում է

«Երազ» ավտոմեքենայով անչափահաս երեք երեխայի հետ Ադրբեջան փախած ամուսինների գործն ուղարկվել է դատարան. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվում է Վայոց Ձորի և Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լևոն Արազյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 57-ամյա Եղիշե Գևորգյանը 2010 թվականի հունվարի 10-ին իր կնոջ` Ռուզաննա Մարդանյանի և երեք անչափահաս երեխաների հետ իր կողմից օգտագործվող «Երազ»  ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ X զորամասի մարտական հենակետի տարածք և չկատարելով սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին, ավտոմեքենայի ընթացքը չի կանգնեցրել, շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Իսկ նրա կնոջը՝ 33-ամյա Ռուզաննա Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2010թվականի հունվարի 10-ին իր ամուսնու` Եղիշե Պետրոսի Գևորգյանի և երեք անչափահաս երեխաների և ամուսնու հետ  ավտոմեքենայով ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող` ՀՀ ՊՆ X զորամասի մարտական հենակետի տարածքով ապօրինի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Նշվում է նաև, որ Եղիշե Գևորգյանը նախկինում դատված է եղել և դատվածությունը մարված չի եղել:

Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել 2014-ի դեկտեմբերի 12-ին:

Լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել