Հայաստանում Վարչական դատարանը ձևավորվել և գործում է 2008 թվականի հունվարի 1-ից։ Դատարանն, ըստ էության, քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր, այսինքն վեճեր, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ։ Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Վարչական դատարան ներկայացվող հայցերի տեսակներն են` վիճարկման հայց, պարտավորեցման հայց, գործողության կատարման հայց, ճանաչման հայց: Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը: Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել: Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել հայցերին համապատասխան: Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
Բացի այդ, ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝ 1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ. 2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ 3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Աղբյուրը` Իրավաբան.net