Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն արտադատական կառույց է: Գրասենյակի նպատակը ֆինանսական բնագավառում սպառողների բողոքների քննումն ու սպառող-կազմակերպություն վեճերի լուծումն է:
Գրասենյակի առավելությունն այն է, որ այստեղ վեճերի քննությունն անվճար է և առավել արագ ու արդյունավետ:
«Պետք է նկատի ունենալ, սակայն, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը քննում է ոչ բոլոր պահանջները, այլ միայն նրանք, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպության դեմ, կապված են կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ»,- Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելուց առաջ նախ պետք է դիմել համապատասխան ֆինանսական կազմակերպությանը, վերջինս տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տրամադրել գրավոր վերջնական պատասխան: Եթե կազմակերպության տրամադրած պատասխանը Ձեզ չի բավարարում, կամ կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ չի տրամադրում գրավոր պատասխան, ապա Դուք ձեռք եք բերում իրավունք դիմել Հաշտարարին:
«Հաճախորդն իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի և կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է»,- նշում է իրավաբանը:
Իրավաբան. net-ի լրագրողի հետ զրույցում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջներ քննող մասնագետ Վարդուհի Սեմերջյանը փոխանցեց, որ քաղաքացու խնդիրը նախ լսում է պահանջներն ընդունող մասնագետը, եթե վերջինս կարծում է, որ տվյալ պահանջը ենթակա է քննության Հաշտարարի գրասենյակի կողմից, ապա քաղաքացու կողմից գրվում է դիմում, որից հետո այն Հաշտարարի կողմից մակագրվում է պահանջները քննող մասնագետներից որևէ մեկին:
Վարդուհի Սեմերջյանի խոսքով` դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ֆինանսական կազմակերպությանն ուղարկվում է առաջին գրությունը, որին վերջինս 14 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր պատասխան ներկայացնել: Գրավոր պատասխանը ստանալուց հետո սկսվում է գործի քննությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net