Երբ պահանջում են հերքել տարածած տեղեկատվությունը…

Խոսքի ազատությունը երբեմն  իրականացվում է  իրական փաստերն աղավաղված ներկայացնելով կամ  ընդհանրապես գոյություն չունեցող փաստերի և հանգամանքների մասին տեղեկություններ տարածելով:

Նման դեպքերի համար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հնարավորություն` պահանջել լրատվական գործունեություն իրականացնողից իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքում, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

«Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:   Նման պահանջ ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, լրատվական գործունեություն իրականացնող պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին»,- Իրավաբան. net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Նրա խոսքով` հերքումն իրականցվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով`  «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

Գոհար Կոստանյանի փոխանցմամբ` այն դեպքերում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու՝  օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան՝ հերքումը տարածելու եւ իր պատասխանը հրապարակելու հայցով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել