2015 թվականին մարտի 17-ից գործում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, որը նպատակ ունի ապահովել մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցումը կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով:
Այս օրենքով կարգավորվում է նաև երեխային հավելյալ սնունդ տալու պայմանները: Երեխաները հավելյալ սնունդ կարող են ստանալ միայն իրենց ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով, իսկ մնացած դեպքերում արգելվում է երեխային հավելյալ սնունդով կերակրելը: Օրենքը նաև նախատեսում է մանկական սննդի գովազդի վերաբերյալ առաջացող իրավահարաբերություններին:
Օրենքում սահմանում է նաև մանկական սննդի և հարակից ապրանքների (մանկական սնունդը սպառողին հասցնելու և (կամ) երեխային կերակրելու համար նախատեսված միջոցներ և պարագաներ, այդ թվում` կերակրման շշեր և երեխաներին կերակրելու կամ հանգստացնելու նպատակով օգտագործվող արհեստական ծծակներ) պիտակներին ներկայացվող պահանջները և այլ իրավական դրույթներ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավախորհրդատու Տաթևիկ Մանուկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում կարևորեց այս օրենքի ընդունումը. «Հայաստանում չկա առանձին օրենք, որը կխրախուսեր և կպաշտպաներ կրծքով կերակրումը երեխաների անվտանգ սնուցումն ապահովելու համար: Այդ նպատակով ընդունված օրենքում տեղ են գտել այնպիսի դրույթներ, որոնք խրախուսում են կրծքով կերակրումը: Միևնույն ժամանակ կարևոր է այն, որ օրենքում սահմանված են արգելող դրույթներ ևս Մասնավորապես, մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ)խրախուսման այլ ձևերն արգելվում են:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականցվում է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրը, որի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: