«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պաշտպանյալիներին այցելող փաստաբանները ստիպված են լինում ժամից ավելի սպասել։ Ասում է փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նա երեկ եղել է այս բանտում ու բախվել այդ խնդրին։ Փաստաբանը համոզված է, որ նմանաբնույթ խնդիրները խոչընդոտում են դատապարտյալ-պաշտպան փոխհարաբերությունների ապահովմանը։
«Երեկ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինձ նման շուրջ 10 փաստաբանների մեկ ժամից ավելի սպասեցնել են տվել, որպեսզի կարողանան պաշտպանյալին հրավիրել տեսակցության սենյակ ու մենք կոնֆիդենցիալ հանդիպում ունենանք նրանց հետ»,- ասաց փաստաբանը։
Մեկ այլ փաստաբան Մարինե Ֆարմանյանը նույնպես խնդիրներ է ունեցել այս հիմնարկում` կապված իր պաշտպանյալին տեսակցելու հետ։ Այն որ փաստաբանները ստիպված են ժամից ավելի սպասել, տիկին Ֆարմանյանը պայմանավորում է հանգամանքով, որ հիմնարկը աշխատակիցների պակաս ունի։ Նրա փոխանցմամբ՝ տվյալ պարագայում աշխատում է մեկ երիտասարդ, ով ֆիզիկապես չի կարող արագ ապահովել փաստաբանների հանդիպումը իրենց պաշտպանյալների հետ։
Տիկին Ֆարմանյանը միաժամանակ այլ խնդիր առանձնացրեց․ «Հատկապես այս շոգ եղանակին ահավոր ոչ հիգիենիկ պայմաններում է գտնվում տեսակցության սենյակը»,- ասաց նա։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից մեզ պարզաբանեցին, որ հատկապես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրական միջինը 20-30 հանդիպում է կազմակերպվում փաստաբանների և կալանավորների միջև․ «Քանի, որ «Նուբարաշեն»-ը կալանավորներով ամենածանրաբեռնված հիմնարկն է, օրական 20-30 հանդիպում կազմակերպելը դժվար է լինում։ Համենայն դեպս, եթե հերթեր են գոյանում, կից այլ ծառայություններ փորձում են օգնել»,- փոխանցեցին բաժնից։
Գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկները հաստիքների խնդիր ունեն։ Հանրային կապերի բաժնից մեզ նաև տեղեկացրին, որ ԱՆ Քրեակատարողական վարչությունը քայլեր է ձեռնարկում այդ խնդիրը լուծելու համար։
Իսկ ինչ վերաբերում է տեսակցության սենյակների հակահիգենիկ պայմաններին, ապա նշեցին, որ նման բան «Նուբարաշեն»-ում չկա։