Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս

Երևի թե չկա  առանց ծնողական խնամքի մնացած, մանկատանը բնակվող մի երեխա, որը չերազի ընտանիքի  մասին. նրանք բոլորն էլ ցանկանում են, որ հայտնվի մեկը, ով հոգ կտանի իրենց մասին, կվերաբերվի որպես հարազատի,  սակայն միշտ չէ, որ որդեգրողները  կարող են ապահովել երեխայի համար նման հոգատարություն  և խնամք:

Երեխայի լավագույն շահերից ելնեով` օրենքը սահմանում է, որ որդեգրողներ կարող են լինել  չափահաս  այն անձինք, ովքեր  դատարանի կողմից ճանաչված չեն անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով զրկված չեն ծնողական իրավունքներից կամ այդ իրավունքները սահմանափակված չեն, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար չեն հեռացվել խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից, նախկինում որդեգրումն իրենց մեղքով  դատարանով չի վերացվել,  առողջական վիճակը բավարար է`  ծնողական իրավունքներ իրականացնելու համար, ունեն երեխայի նվազագույն կենսապայմաններն ապահովելու համար անհրաժեշտ  եկամուտ, մշտական բնակության վայր, որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունեն:

Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի տասնութ տարուց ոչ պակաս։

Եթե երեխան ունի ծնողներ, ապա որդեգրաման համար անհրաժեշտ է նրա ծնողների նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնությունը, նման համաձայնություն չի պահանջվում  հետևյալ դեպքերում`

ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող.

բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ.

գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից.

դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց։

Տասը տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նաև նրա համաձայնությունը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել