Սույն թվականի հուլիսի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ԵՄ-ՀՀ 6-րդ նիստը։ Հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ Թ.Շաքարյանը: Նիստի օրակարգում ներառված են եղել արդարադատության, ազատության, անվտանգության և հանցավորության դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացում, մարդկանց առևտուր, թմրանյութերի չարաշահում և այլն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է նշված ոլորտներում 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաև՝ այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին: