Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
«Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»,- Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Ըստ նրա` փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է վստահորդի համաձայնությունը կամ անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար:
«Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն»,- նշում է Սերինե Խաչատրյանը:
Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net