Այսօր ՀՀ Գլխավոր դատախազությունը կազմակերպել էր «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանս: Նպատակն էր հստակ պարզաբանել իրավապահ մարմինների լիազորությունները ազատ, արդար և արժանահավատ ընտրություններ երաշխավորելու ուղղությամբ և բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը: «Գալու է օրը, երբ զերծ ենք մնալու ընտրակաշառքից: Ընտրակաշառք բաժանողներն արդեն հասկացել են, որ ընտրակաշառք վերցնողի վրա վստահ լինել հնարավոր չէ, թե ընտրության օրն ում ձայնը կտա»,- կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ավելի քան 10 ժամ տևած կոնֆերանսի ժամանակ մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ավելի ազատ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ և լսեցին կոնկրետ առաջարկություններ:
Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքով՝ ընտրություններից առաջ նման սեմինարի անցկացումը կարևոր է: Նշանակում է երկրում բոլորը շահագրգռված են ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում: