Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք (ՀՀ քր. դատ. օր. 86-րդ հոդվ. 1-ին կետ):
ՀՀ քրեական դատավարության 86-րդ հոդվածում ամրագրված է վկայի իրավունքները:
Վկան իրավունք ունի`
1) իմանալ, թե որ քրեական գործով է կանչվում,
2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց,
3) հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե դրանք քրեական գործով կարող են վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ,
4) ցուցմունքներ տալիս քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ օգտվել փաստաթղթերից և իր գրավոր նշումներից,
5) ցուցմունքներ տալիս կազմել պլաններ, սխեմաներ և գծանկարներ,
6) անձամբ շարադրել մինչդատական վարույթի ընթացքում տրվող իր ցուցմունքները,
7) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և իր ցուցմունքների գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ,
8) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում,
9) հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները,
10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ: