«Հանցանք կատարած անձի նկատմամբ կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը կարող է գալ եզրահանգման, որ հանցանք կատարած անձի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, որի ժամանակ դատարանը իրավասու է պատիժը պայմանականորեն չկիրառել: Այսինքն, նշված պարագայում դատարանը ելնում է այն կանխադրույթից, որ հանցանք կատարած անձի ուղղումը հնարավոր է առանց նրան հասարակությունից մեկուսացնելու» – նշում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:»
«Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանվում է փորձաշրջան՝ 1-5 տարի ժամկետով» – փաստաբան Կարեն Հովհաննիսյան:
Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է դնել որոշակի պարտականություններ՝ չփոխել մշտական բնակության վայրը, բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին (ՀՀ քրեական օրենսգիրք 70-րդ հոդված 5-րդ մաս):
Աղբյուրը` Իրավաբան.net