Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:
«Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայություն»,- Իրավաբան. net-ի լրագրողին է հայտնում Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Ըստ իրավաբանի` այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
Այլընտրանքային ծառայության տեսակներն են`
ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.
բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:
Սերինե Խաչատրյանի փոխանցմամբ` այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:
Աղբյուրը` Իրավաբան. net