Եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, ապա հետաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է ընդունել ցանկացած հաղորդում, որը վերաբերվում է հանցագործությանը:
«Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում, դրանց ստուգման պահից` 10 օրյա ընթացքում: Հանցագործության մասին հաղորդումները քննարկելուց հետո ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`քրեական գործ հարուցելու մասին կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»,- Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Նրա փոխանցմամբ` եթե վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում նյութերով քրեական գործ հարուցելու մասին, և եթե հանցագործությունից տուժած անձը հայտնի է լինում, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող:
Դրանից բացի, եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվում քրեական գործ հարուցելու մասին, ապա նա պարտավոր է որոշման պատճենը ուղարկել հանցագործության մասին հաղորդում տված ֆիզիկական կամ իրավաբանական անձին:
«Այն դեպքում երբ քրեական գործ հարուցելու առիթները և հիմքերը բացակայում են, ապա դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում է կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,- նշում է իրավաբանը:
Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը վարույթը իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում ուղարկում է գործի վերահսկող դատախազին, ինչպես նաև որոշման պատճենը անհապաղ ուղարկում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կարող է բողոքարկվել 7 օրյա ժամկետում, ինչպես դատախազին այնպես էլ դատարան:
Արա Ղարագյոզյանի խոսքով` եթե հաղորդում տվող անձը դատարան է դիմում և բողոքարկում է քննիչի որոշումը, և դատարանի կողմից բողոքարկվող որոշումը վերացվում է, ապա վարույթը իրականացնող մարմնի համար պարտադիր է դառնում քրեական գործի հարուցումը:
Աղբյուրը` Իրավաբան. net