Հովհաննես Մանուկյանի կենսագրությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել, նախագահն էլ նրան ազատել է նշանակված պաշտոնից: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը, որը վերցրված է նախկին նախարարի անձնական կայքից:

Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանում ուսումնառության ընթացքում անդամակցել է ֆակուլտետի գիտական խորհրդին, եղել է կուրսի առաջավոր ուսանողներից մեկը` ցուցաբերելով բարձր առաջադիմություն։

1993 թվականի մայիսի 17-ին նա ընդունվել է աշխատանքի ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։

1994 թվականին ավարտել է ուսումը համալսարանում։

1995 թվականին Հովհաննես Մանուկյանն ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։

1995 թվականի հոկտեմբերի 10-ից Հովհաննես Մանուկյանը տեղափոխվել է աշխատելու ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։

1996 թվականի մայիսի 23-ին Հ.Մանուկյանը փոխադրման կարգով նշխանակվում է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ նույն ամսվա 29-ին համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը, որտեղ աշխատում է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։

1997 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 634 հրամանով ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ Հ.Մանուկյանին շնորհվում է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

1998 թվականին ներգրավվում է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։

1998 թվականի դեկտեմբերի 30-ին, ՀՀ արդարադատության նախարարի թիվ 1275 հրամանով Հ. Մանուկյանին շնորհվում է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում, իսկ 1999 թվականի հունվարի 12-ին, ՀՀ Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի թիվ ՆՀ-206 հրամանագրով, Մանուկյանը նշանակվում է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։ Միաժամանակ ՀՀ Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի թիվ ՆՀ-244 հրամանագրով դատավոր Հ. Մանուկյանին շնորհվում է դատավորի որակավորման երրորդ դաս։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-965 հրամանագրով Հ.Մանուկյանը նշանակվում է Տնտեսակատ դատարանի նախագահի պաշտոնում։ Այս դատարանի ստեղծման և կայացման գործում հիմնական դերակատարությունը պատկանում է դատարանի առաջին նախագահին։

2005 թվականի հունիսի 9-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-108-Ա հրամանագրով Հ. Մանուկյանը նշանակվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականի սեպտեմբերի 17-ին Հովհաննես Մանուկյանը հրաժարական է ներկայացնում վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։

2011 թվականի փետրվարի 26-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

2014թ. ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել