23 օգոստոսի, 1990 թվական. տեսլականը` անկախ Հայաստանի Հանրապետություն:
Թվուր էր, թե երբևէ հայը չի կարող վերականգնել իր պետականությունը. չի կարող ապրել ինքիշխան մի երկրում, որտեղ պաշտպանվում է իրավունքի գերակայությունը. ունենալ երկիր` իր պետական խորհրդանիշներով, և հանդես գալ` որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ…
Ահա ապագայի այս ցանկալի պատկերի մղումով` 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն Խորհուրդն իր առաջին նստաշրջանին ընդունեց «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը` ընտրելով ժողովրդավարության և մարդու իրավունքներին հավատարմության ուղին: Դրանով հանրապետության խորհրդարանը հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը» վերանվանվեց «Հայաստանի Հանրապետության», հռչակվեց ինքնիշխան պետություն` օժտված պետական իշխանության գերակայությամբ: Պետական դրոշ հաստատվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն): Հայաստանի պատմության համար այդ հիշարժան օրը Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը` որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից և Գերագույն Խորհրդի երիտասարդ պատգամավոր:
Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովրդի կյանքում նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց և Հայաստանի պատմության մեջ սկսվեց երրորդ հանրապետության կառուցումը։
Եվ արդեն 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեի միջոցով (հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 2 միլիոն 43 հազար մարդ, որը կազմում էր քվեարկության իրավունք ունեցողների 94%-ը) հանրաքվեի միջոցով «այո» ասաց անկախությանը: Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն:
Անկախության հռչակագիրը կարևորագույն քաղաքական փաստաթուղթ է։ Հայաստանն իրեն հայտարարում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, իրավունք վերապահում վարել անկախ արտաքին քաղաքականություն, երկրի անվտանգությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով` ստեղծել Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Վերականգնելով դարեր առաջ կորցրած անկախությունը` հայ ժողովուրդը ձեռնամուխ եղավ օրենսդրական և իրավական ճկուն համակարգի ստեղծման գործընթացին: Առաջին քայլերից էր հանդիսանում նորանկախ պետության համար Սահմանադրության ընդունումը: Եվ հայ ժողովուրդը երկար չսպասեց. 1995թ. հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որտեղ ամփոփվեցին Հռչակագրի դրույթները:
Հայաստանի համար պատմական այս օրը դեռևս շատ երկար կմնա հայ մարդու հիշողության մեջ…
Շնորհավոր «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի ընդունման օրդ Հայաստան…
Աղբյուրը` Իրավաբան.net