Անչափահաս Գուրգենը (անունը փոխված է) սնունդ և դեղորայք գնելու համար փորձել է բանկից գումար հափշտակել: Գործի նյութերի համաձայն` 100.000 ՀՀ դրամ գումար հայթայթելու նպատակով, գործով չպարզված անձի հետ նախնական համաձայնության է եկել` «Ամերիաբանկ»-ի բանկոմատից 100.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու մասին։ Այդ նպատակով նա փորձել է երկաթյա առարկայով կոտրել բանկոմատի դուռը, սակայն դա նրան չի հաջողվել, որի պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Այդ պահին բանկոմատում եղել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 10.500.000 դրամ:
Գուրգենը բնակվում է ծնողների հետ։ Նրա մայրը ֆիզիկապես վատառողջ է` երրորդ խմբի հաշմանդամ։ Գուրգենի կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը և ընդհանուր զարգացման վիճակը բավարար են, սակայն նա նույնպես վատառողջ է։
Դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն. նրա խոսքերով, ինքը մեղավոր է այն բանի համար, որ ցանկացել է դուռը կոտրելու միջոցով բանկոմատից գողանալ 100.000 դրամ՝ ոչ ավելին: «Ես չեմ մտածել, թե որքան գումար կլինի բանկոմատում: Ինձ միայն 100.000 դրամ է պետք եղել, որ մորս համար դեղ ու ուտելու բան առնեմ: Եթե բանկոմատում թեկուզ նշված 10.500.000 -ը լիներ, ապա ես կվերցնեի միայն 100.000 դրամը»:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գուրգենին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 դրամ գումարի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` նշանակված պատժի մեղմացման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք 450.000 դրամ գումարի չափով։
Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Ռոզա Վարդանյան