Արդեն հայտնի է 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով դատաբժշական փորձաքննության արդյունքները, համաձայն որի՝ փոքրիկի մահվան պատճառ է հանդիսացել ոչ թե բժշկական սխալը, այլ՝ ինֆեկցիոն տոքսիկ շոկը: Մինչդեռ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մերժում է փորձաքննության արդյունքն ու այն համարում կասկածելի.
«Փորձագետի խոսքով՝ երեխայի մոտ ինֆեկցիա է հայտնաբերել, որը պատճառական կապի մեջ է մտնում մահվան հետ: Երեխայի մահվան վերաբերյալ վարկածներ չեմ ուզում առաջադրել, բայց այս արդյունքը մերժում եմ միանշանակ»:
Իրավապաշտպանի խոսքով՝ իրենք հանդես կգան դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ, բացի դա գործի վերաբերյալ անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան մասնագետների հետ:
Հիշեցնենք, որ համաձայն առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։
Զարուհի Մանուչարյան
Իրավաբան.net