ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ուղեւորի մահ առաջացրած Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2015 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի։ Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են և Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին: Ստացած մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։