Ինչո՞ւ են գազալցակայաններում պայթուններ լինում. Արմեն Երիցյանի պարզաբանումը

Այնպես չէ, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ամեն օր պետք է լինի գազալցակայաններում: Այսօր կառավարության նիստից հետո ՏԿ և ԱԻ նախարար Արմեն Երիցյանն անդրադառնալով գազալցակայանում վերջերս տեղի ունեցած պայթունի՝ ասաց, որ գերատեսչությունը մշտապես ստուգումներ է իրականացնում գազալցակայաններում:

Այն դիտարկմանը, որ չնայած ստուգումներին և սանկցիաներին՝ գազալցակայաններում կրկին պայթուններ են լինում, պարոն Երիցյանը նշեց. «Հայաստանի մեքենաների երևի 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին, գազով են աշխատում, դրա համար էլ գազի հետ կապված խնդիրներն առաջանում են»:
Նա գտնում է, որ գազալցակայանների աշխատակիցները չափից ավելի շատ են լիցքավորում մեքենաները:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունը ստուգումներ է իրականացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում, նախարարը պատասխանեց. «Մենք բոլոր գազալցակայանները ստուգում ենք, չկա այդպիսին, որ չստուգենք, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և Աբրահամյանին, ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի: Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»:

Նշենք, որ միայն այս ամիս հանրապետության գազալցակայաններում երկու պայթուն է գրանցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել