Փաստաբանին զրկել են արտոնագրից` վարքագծի կանոնների խախտման համար

2015 թվականի հուլիսի 6-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը քննելով քաղաքացի Էմմա Կիրակոսյանի դիմումի հիման վրա հարուցված թիվ ԿԳ-15021 կարգապահական գործը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Ումրշատյանին: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Փաստաբանների պալատից:

Փաստաբանը մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի երեք կետերով խախտում կատարելու համար:

Առաջինը 2.7.2. կետն է, որով սահմանվում է, որ փաստաբանը պարտավոր է իր վստահորդին բարեխիղճ օգնություն ցույց տալ` իր մասնագիտական կարողությունների սահմաններում, երկրորդը`  3.1.8 կետն է, որի համաձայն, իրավական օգնություն ցույց տալու հանձնարարությունը չպետք է ընդունի, եթե զբաղվածության կամ որևէ այլ պատճառով չի կարող ապահովել հանձնարարության բարեխիղճ և ժամանակին կատարումը:

Եվ երրորդը` 3.5.5.  կետն է, որի համաձայն, փաստաբանը պարտավոր է ժամանակին գիտակցաբար և ջանասիրաբար խորհուրդ տալ և պաշտպանել իր վստայհորդին և հանդես գալ նրա անունից:

Այս խախտումների համար որպես տույժ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Արմեն Ումրշատյանի թիվ 385 արտոնագրի գործողությունը:

Ծանոթություն։ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով’ այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել