Հաճախ որևէ գործարքի կնքման և կատարման ապահովման համար պայմանագրով հասանելիք վճարների հաշվին պայմանագրի մի կողմը մյուսին տալիս է որոշակի գումար:
Ո՞ր դեպքում է այդ գումարը համարվում նախավճար, իսկ որ դեպքում` կանխավճար, և որո՞նք են նախավճարի առավելությունները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` գրավոր ձևը չպահպանելու կամ ցանկացած այլ դեպքում, երբ կասկածներ են առաջանում կողմի վճարած գումարի` նախավճար լինելու հարցում, այն դիտվում է կանխավճար(ավանս):
Գոհար Կոստանյանի փոխանցմամբ` նախավճարի առավելությունը կայանում է նրանում, որ եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին, իսկ եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:
Աղբյուրը` Իրավաբան.net