Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը` գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Փորձագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:
Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:
Քրեական գործով վարույթին իրավաբանական հարցերով փորձագետ չի ներգրավվում:
Փորձագետը պարտավոր է`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնին և իրեն հրավիրած անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը.
2) իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն.
3) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն.
4) եզրակացություն տալ ոչ միայն առաջադրված հարցերով, այլ նաև իր իրավասության շրջանակների մեջ մտնող և փորձաքննության կատարման ընթացքում ի հայտ եկած հանգամանքներով.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ներկայացնել փորձաքննության կատարման ծախսերի նախահաշիվ և կատարված ծախսերի մասին հաշվետվություն.
6) ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով` դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելու, ինչպես նաև եզրակացության բովանդակությունը պարզաբանելու համար.
7) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ, տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.
8) քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու դեպքում չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը` առանց նախագահողի թույլտվության.
9) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.
10) դատարանի նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն.
11) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
Փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net