Հունիսի 30-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում տրվեց Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի շրջանակում հեռաուսուցման եղանակով իրականացվող առաջին փորձնական դասընթացի մեկնարկը: Առաջին խմբում ընդգրկված է 11 մասնակից՝ դատավորներ, դատախազներ, դատավորի օգնականներ, քննիչներ: Դասընթացը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցները պետք է առցանց յուրացնեն թեման և կատարեն առաջադրանքները:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից հաղորդում են, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ծրագրի համակարգող Կամիլա Գանգլոֆը, Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը, ԵԽ հայաստանյան ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:
Ողջունելով հյուրերին և երախտագիտություն հայտնելով Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին արդյունավետ համագործակցության համար՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Ակադեմիան ցանկանում է քայլել ժամանակին համընթաց, այդ պատճառով չափազանց կարևորում է ժամանակակից կրթական ոլորտում հեռաուսուցման դերը, թեև գիտակցում է, որ ճիշտ մեթոդաբանության ընտրության դեպքում է միայն հնարավոր կազմակերպել արդյունավետ հեռաուսուցում: Պատահական չէ, որ Ակադեմիան 2014 թվականի հոկտեմբերին ընդունել է հեռաուսուցման ռազմավարություն:
Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով՝ HELP ծրագիրը հեռաուսուցման անվճար հարթակ է Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների իրավական ոլորտի մասնագետների համար: Տիկին Վուտովան ուրախությամբ նշեց, որ Արդարադատության ակադեմիան ակտիվորեն մասնակցում է այս ցանցի աշխատանքներին: Այդ առումով Ն. Վուտովան հատուկ ընդգծեց Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետի ներգրավվածությունը առկա և հեռավար ուսուցման եղանակներով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար հատուկ ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև կարևորեց Գիտահետազոտական վարչության պետի աշխատանքը՝ որպես HELP ծրագրի տեղական համակարգող: Տիկին Վուտովան առաջին խմբի մասնակիցներին հորդորեց ժամանակ տրամադրել գիտելիք ստանալու համար:
Ծրագրի պատասխանատուները բաց են առաջարկների համար, պատրաստ են հաշվի առնել այն բոլոր կարծիքները, որոնք կօգնեն բարելավել դասընթացը: