Օգոստոսի 21-ին կազմակերպվել էր սեմինար Հայաստանում ընթացող նոտարական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:
Հայաստանի նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյան ներկայացրեց բարեփոխումների ելակետային դրույթները, պատասխանեց մասնակիցների հարցերին:
Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանի խոսքով` ՇՊԱԿ-ների ազգային ցանցը գործարկող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2009-ին և 2011-ին իրականացրել է նոտարական համակարգի գործունեւության մոնիտորինգ: Վեր են հանվել մի շարք խնդիրներ և արվել են ոլորտը բարեփոխելու առաջարկներ:
«Առհասարակ հասարակական մոնիտորինգը կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր և ամենաազդեցիկ միջոցներից է»,- նշում է Ատովմյանը:
Հայաստանն ընտրել է լատինական նոտարական համակարգ ունենալու ուղին, ինչը թույլ է տալու նվազեցնել պետության ծախսերը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար երաշխավորված և անհրաժեշտ իրավական օգնության համակարգի ստեղծման համար, ավելացնել նոտարների նյութական պատասխանատվությունը, բացառել պետական մարմինների և պաշտոնյաների անօրինական միջամտությունը, բարձրացնել նոտարների որակավորումը, ապահովել նոտարական գործողությունների գաղտնիությունը և այլն:
Սեմինարը կազմակերպել էր «Միջազգային հարաբերություններում հմտությունների զարգացում» շվեյցարական ծրագրի Հայաստանի շրջանավարտների խորհուրդը ՀՀ նոտարական պալատի, ՀԵԻԱ-ի, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի, Երևանի ՇՊԱԿ-ի հետ համատեղ:
Աղբյուրը` Իրավաբան. net