Օգոստոսի 20-ին տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի և մյուս տուժողների ներկայացուցիչները` Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, ներկայացրել են նոր միջորդություն Վահե Ավետյանի մահվան գործով`թիվ 17115012 քրեական գործ:
Իրավաբան.net-ը ներկայացնում է փաստաբան Լուսինե Հակոբյանի ուղարկած միջնորդության կոնսպեկտից մի հատված: Կայքը տեղեկացնում է, որ փաստաբանների ներկայացրած միջնորդությանն մեջ բարձրացված յուրաքանչյուր հարցի կանդրադառնա առանձին նյութով:
Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը…
«Տվյալ գործով տարակուսելի է նաև Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի «Հետևություններ» բաժնում արձանագրված է. «նման վնասվածքները կենդանի անձանց մոտ սովորաբար համարվում են` առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, իսկ տվյալ դեպքում` բերել են մահվան»: Ոլորտի լրջագույն մասնագետների հավաստմամբ` Վահե Ավետյանի մոտ ծեծից անմիջապես հետո առկա է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք, որը խոսում է բոլոր դեպքերում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի մասին, ավելի կոնկրետ՝ մահվան առաջին ախտանիշերի, այլ ոչ թե վնասվածքի, որը տվյալ դեպքում բերել է մահվան:
Այս կապակցությամբ.
1. Միջնորդում ենք, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 245, 251-րդ հոդվածներով, նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն` ներգրավելով հանրապետության բոլոր հիվանդանոցների նեյրովիրաբուժական բաժանմունքների պետերին:
9. Ակնհայտ է, որ այս վիճակով գործը դատարան ուղարկելու՝ նախաքննության մարմնի միակ նպատակը մի կողմից՝ ոճրագործներին չհայտնաբերելը և արդարադատության չհանձնելն է, մյուս կողմից՝ արդեն իսկ մեղադրվող անձանց դատարանում արդարացման և անպարտ ճանաչելու համար անհրաժեշտ մեղադրանքներով ապահովելը:
Իրականում նախաքննության մարմնի կողմից մեզ տրամադրված ժամկետի անողջամտության պատճառով մենք զրկված ենք ավելի մանրամասն միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, ինչպիսին իրականում ունենք, սակայն հինգ օրվա ընթացքում երեք հատոր գործի ուսումնասիրման արդյունքում կարողացել ենք ներկայացնել սույն միջնորդությամբ հայտնվածը»,- գրված է միջնորդությունում:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը հայտարարել է թիվ 17115012 քրեական գործի մի մասով նախաքննության ավարտ: Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի և մյուս չորս տուժողների ներկայացուցիչներին` Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, տրամադրվել է մեկ օր ժամանակ` գործին ծանութանալու և միջնորդություններ ներկայացնելու համար: Ժամկետը երկարաձգելու մասին փաստաբանների օգոստոսի 9-ին ներկայացրած միջնորդությունը օգոստոսի 10-ին գրավոր մերժվել է, իսկ այնուհետև, մի քանի ժամ անց, բավարարվել և տրամադրվել է ևս հինգ աշխատանքային օր` գործին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար:
«Այդուհանդերձ, մենք օգոստոսի տասին նախաքննության մարմնին ենք ներկայացրել գործի վերաբերյալ ըստ էության միջնորդություն, որի պատասխանն առ այսօր չենք ստացել: Այնուհետև, սույն թվականի օգոստոսի քսանին ներկայացրել ենք գործով մեր նոր միջնորդությունը, որով վեր ենք հանել նախաքննության ընթացքում տեղ գտած մի շարք այլ լուրջ բացթողումներ և սխալներ` ակնկալելով, որ նախաքննության մարմինը կդրսևորի գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու կամք և կբավարարի այն»,- նշված է միջնորդությունում:
Աղբյուրը` Իրավաբան. net