Ընդհանուր կանոնի համաձայն հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան: Օրենքով կանխորոշված են այն դեպքերը, երբ հայցը կարող է հարուցվել նաև այլ դատարանում` ըստ հայցվորի ընտրության:
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 83-րդ հոդվածում մատնանշված են հայցվորի ընտրությամբ ընդդատության հիմքերը, մասնավորապես.
- Տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան,
- Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան,
- Կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը կարող է հարուցվել պայմանագրի կատարման վայրի դատարան,
- Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան,
- Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան,
- Օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ազատազրկման դատապարտված անձանց դեմ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, ինչպես նաև, եթե անչափահաս երեխան (երեխաները) գտնվում է հայցվորի մոտ, կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան,
- Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան,
- Իրավաբանական անձի դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:
«Այլընտրանքային ընդդատություն սահմանելու նշված նորմերի նպատակը հայցվորին լրացուցիչ դժվարություններից զերծ պահելն է և ըստ հնարավորության իր բնակության վայրի դատարան հայց հարուցելու հնարավորություն ընձեռելն է, որը զգալիորեն թեթևացնում է հայցվորի դրությունը», – նշում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net