«Դատարանում հայց հարուցելուց հետո երբեմն առաջանում են իրավիճակներ, երբ գործի վարույթը կասեցվում է որոշակի հանգամանքների ուժով: Այդ հանգամանքները բաժանվում են 2 խմբի` 1) պարտադիր, երբ դա կախված չէ դատարանի հայեցողությունից, 2) հայեցողական, երբ կասեցումը կատարվում է դատավորի հայեցողությամբ» – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում նախատեսված են գործի վարույթի կասեցման պատրադիր հիմքերը`
1. անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը,
2. պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ,
3. գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն,
4. գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:
Գործի վարույթի կասեցման հայեցողական հիմքերն են`
1. Փորձաքննության նշանակումը,
2. պատասխանողի հետախուզման մեջ գտնվելը,
3. իրավաբանական անձի վերակազմակերպումը,
4. կիրառման ենթակա օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանությունը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելը,
5. Օրենքով նախատեսված այլ հիմքերը:
Աղբյուրը` Իրավաբան.net