Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 22-ին, ժամը 15:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունենալու քննարկում, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ:
Հիշեցնենք, որ 01.04.2011թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն հասարակական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դիմելու դատական պաշտպանության, նշելով, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են» (գործ` ՎԴ/3275/05/09):
Քննարկվելու է նաև Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշման իրականացման շուրջ պետության միջազգային պարտավորությունների հիմնահարցը:
Օրակարգում են հետևյալ հիմնահարցերը`
1. 07 սեպտեմբերի 2010 թվականի ՍԴՈ-906 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական
դիրքորոշումը հասարակական միավորումների կողմից իրենց կանոնադրական նպատակերի շրջանակներում գտնվող հարցերով դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ (actio popularis սկզբունքի իրավական նշանակությունը և կիրառությունը դատական մարմինների կողմից),
2. թիվ ՎԴ/3275/05/09 գործով (Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը վիճարկող գործի համարն է) ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համապատասխանությունը ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Օրակարգային հարցերի համատեքստում դիտարկվելու են նաև թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի կայացրած որոշման իրականացման վերաբերյալ Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման հիմնախնդիրները (ինչպիսի գործողություններ պետք է պետությունն իրականացնի ի կատարումն նշված որոշման):
Այլ կերպ ասած, քննարկվելու են`
1. actio popularis սկզբունքի իմաստը (այդ հիմնահարցի շուրջ ՍԴ իրավական դիրքորոշման ճիշտ մեկնաբանումը),
2. Թեղուտի գործի շրջանակներում վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշման համապատասխանությունը ՍԴ-ի իրավական դիրքորոշմանը:
Քննարկումն իրականացվելու է «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» շրջանակներում:
Նշենք նաև, որ «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհուրդն այս քննարկման արդյունքում կայացնելու է որոշում, որն արտացոլվելու է սահմանադրական դատարանի տարեկան հաշվետվության մեջ: Խորհրդի անդամներ են հանդիսանում ՀՀ սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանը, տեսաբան գիտնականներ և այլք:
Խորհրդի նախագահն է Գևորգ Դանիելյանը: