Ունեցվածքը ժառանգին (ժառանգներին) փոխանցելու միջոցներից ամենատարածվածը կտակն է։ Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Կտակը, ըստ կտակարարի ցանկության, կարող է լինել նաև փակ։ Ստորև կներկայացվի փակ կտակի կնքման պայմանները և առավելությունները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու։
Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:
Կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:
Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:
Հասմիկ Գևորգյան
Իրավաբան.net-ի հանրային թղթակից