Գաղտնիք չէ, որ հայաստանյան սննդամթերքի շուկայի մեծամասնությունը ներմուծվում է այլ պետություններից: Որքանո՞վ է անվտանգ մեր երկիր ներմուծվող սննդամթերքը, և ինչ կերպ է իրականացվում ներմուծվող սննդամթերքի որակական հատկանիշների ստուգումը:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքն արգելվում է որևէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց դրանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության և հետագծելիության հնարավորության:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերն են՝
ա) համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը (տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կառավարության սահմանած համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկով նախատեսված սննդամթերքի համար).
բ) կենդանական ծագման պարենային հումքի համար՝ անասնաբուժասանիտարական նորմերին դրա համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը և սննդամթերքի հետ շփվող նյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման՝ օրենքով սահմանված կարգով («Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդված, մաս 2):
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) իրենց կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում լիազոր մարմնին:
Իսկ ին՞չ գործառույթն է իրականացնում ոլորտի լիազոր մարմինը` Սննդի անվտանգության պետական ծառայությունը, և ի՞նչ խնդիրների կարող են բախվել ներմուծողները լիազոր մարմնում:
Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանի փոխանցմամբ` սահմանային կետերում ծառայության կողմից իրականացվում է ներմուծվող ապրանքի փաստաթղթային զննություն, եթե պարզվում է որ անհրաժեշտ չափորոշիչները հավաստող բոլոր փաստաթղթերը առկա են, ներմուծվող սննդամթերքը ծառայության աշխատակիցների կողմից ուղեկցվում է մաքսային ծառայություն` մաքսազերծման, հակառակ դեպքում ապրանքի ներմուծումը կասեցվում է, ուղարկվում է լաբորատոր փորձաքննության, և եթե պարզվում է, որ ապրանքի որակական հատկանիշները չեն բավարարում անհրաժեշտ չափանիշներին, ապա ապրանքը ոչնչացվում է:
Բաբկեն Պիպոյանի խոսքով` վերը նշված գործողությունների համար օրենքով սահմանված որևէ գումար չի գանձվում, այսինքն, նշված ծառայությունն անվճար է:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ սննդամթերք ներմուծող ընկերությունները վճարում են համապատասխան գումարներ` ապրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի զննության համար: Գումարների գանձման կարգը հետևյալն է` ապրանքի առաջին տոննայի համար` 1000 ՀՀ դրամ, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար` 300 ՀՀ դրամ: Ի դեպ, պատահում են նաև դեպքեր, որ նշված գումարները կրկնակի են գանձվում. և’ սահմանային կետում, և’ պետական ծառայությունում:
Աղբյուրը` Իրավաբան.net